суббота, 1 сентября 2012 г.

free


Անիծյալ Ազատություն

Ո՜վ ազատության համար պայքարող երիտասարդ, որ դեպի երկինք ես պարզել բռունցքդ, վառվող աչքերդ ուղղել ես դեպի խոստումնառատ ապագան, իսկ մյուս ձեռքումդ էլ պահում ես Եռագույնի կոթը: Որ չգիտես ինչ հիմքերով իրենց ոստիկան հորջորջող իշխանության ու հարակից 40-50 ընտանիքի թիկնապահների հետ կռիվ ես տալիս ու չես ընկրկում բլա-բլա-բլա, ֆլան-ֆստան ... 

Մի խոսքով, ջահե՛լ ջան, նայում եմ քեզ, և մեղքս գալիս ես... Մարդ չգիտի՝ չնկատելու տա, անցնի գնա, թե մոտենա մի երկու խոսք ասի, որ ոչ լսող կլինի, ոչ էլ բանի տեղ դնող: Բայց, համենայն դեպս, խիղճս հանգստացնելու համար, որ չասեն գիտեր` չասեց, ուներ` պահեց, կփչացնեմ տրամադրությունդ ու հեղափոխական ոգևորությանդ կենսափորձիս տակառից մի շիշ քացախ կլցնեմ: Դու էլ ձև արա, որ չես լսում, որ ռեվոլյուց(ս)իոներիդ համբավը չտուժի:
Չէ, չեմ ասում, որ վարչակարգը չես տապալի, սպիտակ ռոլիկների վրա նախագահական չես մտնի, բազազներին ծնկի չես բերի` կտապալես, կմտնես, կբերես: Որովհետև Նորին Գերազանցություն Պատմությունն իր ախմախ տրամաբանությամբ քո կողմից է, իսկ իրենց կողմից ընդամենը փողն է, ուժը, քանակը, փորձն ու բնազդը: Չեմ ասում, որ չես դիմանա միջանկյալ փորձություններին, տո բա աչքս էլ չես հանի… Բայց կենացները հետո են քաղցրանում, ու գլխավոր փորձությունն ու անեծքը, դրախտաբույր դժոխքն ու դժոխանման դրախտը, ապիկար, անգութ, անիմաստ ու թմրեցուցիչի նման կապող ԲԱՆԸ` կգա հետո: Դրա անունը մեկ-մեկ վանկարկում ես հավաքներին ու հոլովում առիթ-անառիթ, բայց պահածդ դրոշի կոթը ես լինեմ, թե գոնե մոտավորապես պատկերացնում ես, թե ինչի՞ մասին ես խոսում ու ինչի՞ հետ գործ ունես… Հա` ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ է…

Ու, այստեղ քացախի առաջին կաթիլը մաքուր ու ջինջ ճակատիդ` էդ Ազատություն կոչվածը քեզ համար չէ, ձեր այդ պահին վերջապես հաղթանակած շարժման համար չէ, քեզնով հիացած մարտական ընկերուհիներիդ ու ձեռքի հետ քեզնով հպարտացող մերձավորներիդ համար էլ չէ: Որովհետև, ինչպես անցյալ դարասկզբին մի արևելաեվրոպացի լիրբ էր ասել. «Freiheit ist immer die Freiheit des Andersdenkenden»,

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ԱՅԼԱԽՈՀՆԵՐԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆՆ Է:

Իսկ ո՞վ է «քո» այլախոհը… Չէ՛, թվարկածներդ այլասերվածներ են` ես այլախոհից եմ հարցնում: Լավ, համեստաբար առաջարկում եմ իմ թեկնածությունը: Ինչո՞վ եմ վատ որ.
• Ձեր պանծալի շարժման «պապա» շարժումը լքել-դավաճանել եմ անչափահաս տարիքում ու էլ երբեք հետ չեմ նայել,
• Նենգաբար սողոսկել եմ ընդդիմադիր մամուլ ու ինչքան ուժ ունեմ պախարակել ու վարկաբեկել եմ առաջնորդներիդ դարակազմիկ գործունեությունն ու լուսապայծառ կերպարը,
• Երբ որ շեֆերդ վերջապես որոշեցին ազատել երկիրը «դաշնակներից» ու հարակից չկամեցողներից` կորցրած ամոթ-աբուռ ու ադեկվատության բոլոր նշույլները, ազատ-անկախ Հայաստանի ոստիկանի հետ կռիվ եմ տվել, 
• Հետո երևի «քոչարյանական» եմ եղել (հակառակի ապացույցներ չունեմ),
• 2007-2008 թթ. առաջնորդիդ ու շարժմանդ հաղթանակը չեմ բաղձել, ինչն, ինչպես ինձ բացատրեցին իրազեկ մարդիկ, ժողովրդի վրա կրակելուն հավասար էր,
• Ու ընդհանրապես չաղ եմ, ակնոցավոր, հավատացյալ ու մեկ-մեկ էլ Սինատրա եմ լսում...

Եվ, այսպես` ընդունիր... Ես եմ քո անձնական այլախոհը, քո գիշերային մղձավանջը, ախորժակիդ ստոպ-կրանը, երազներիդ վատ կերպարը, արժեքներդ քամահարող «32 ատամը», «չջոգողության» Հայաստանի չեմպիոնն ու Սարատովի մարզի հիմնադրման 63-ամյակին նվիրված մրցումների երրորդ մրցանակակիրը: Վատ է, չէ՞ Մտածում ես, ձեռքիդ դրոշի կոթը ինչպե՞ս հանդիպացնես գեր մարմնիս… Է՜, ջահել ջան, ուրեմն մի հապաղիր, որովհետև Դուք շուտով հաղթելու եք, ու եթե Ազատության մասին ձեր երգերը գոնե իրականության հեռավոր մոտիվներով են` ՊՐԾ… Բռնություն չկա: Չի կարելի: Վարկաբեկել, պախարակել, «չջոգել»` ինչքան ուզես: Բռնությամբ պատասխանել` մոռացիր, կդատեն: Մի կողմից այսօր վրադ մահակ թափ տվող ոստիկաններից մեկը, մյուս կողմից` կողքիդ դեռ կանգնած ընկերդ` կոլորեն սպիտակ, անկոշտուկ ձեռքերդ, կկարդան իրավունքներդ ու կտանեն: Մեկը ականջիդ կփսփսա. «Հիշու՞մ ես ինձ, թուլա»: Մյուսն էլ. «Ախպեր, կներես` օրենք ա»: Անարդա՞ր է: Իսկ քեզ ո՞վ խաբեց, թե Ազատությունն ու Արդարությունը հոմանիշներ են: Թքիր անամոթ ճակատին... Հետո` դա ի՞նչ անարդարություն է, որ... Ինչպես խոսք էինք տվել առաջին սերիայում` կենացները քաղցրանալու են: Որովհետև նվաստս ու ապիկարս, որ այդ Ազատության համար գոնե ձևական ապտակ էլ չի հասցրել ոստիկանին, գոնե մի օր էլ ճաղերի հետևում չի անցկացրել, մտադիր եմ օգտվել Իր բոլոր բարիքներից: Անհամեստ, անժուժկալ ու անկուշտ կերպով:

Կհանդուրժե՞ս, որ ազատ խոսեմ և գրեմ ձեր դեմ, մամուլի միջոցներ ստեղծեմ ձեզ խայտառակող, ազատ միավորվեմ իմ նման սրիկաների հետ, որ խաղաղ կերպով պայքարեմ ձեր դեմ:
Շուտ ուրախացար, այդքան էլ հեշտ չի լինելու... Կկարողանա՞մ, չթաքցնելով հայացքներս, իմ մասնագիտությամբ աշխատել և առաջխաղացում ունենալ... Զբաղվել ձեռներեցությամբ, քեզ հետ հավասար պայմաններո՞ւմ... Աշխատածս գումարները ազատ ծախսեմ ձեր շահերի դեմ ուղղված գործունեության վրա՞...

Դա էլ ոչինչ` լսիր շարունակությունը: Հնարավորություն կունենա՞մ ազատ հավասար ընտրություններին մասնակցել ուզածս կարգավիճակով... Հիմա այս պահից ուշադիր.

ԵԹԵ ԵՍ ԿԱՄ ԻՄ ՆՄԱՆ ՀԱԿԱՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՍՐԻԿԱՆԵՐԸ, ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՀԱՂԹԵՆՔ, ՍՈՒՍՈՒՓՈՒՍ ՌԱԴԴ ԿՔԱՇԵ՞Ս ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԾՈՑԸ:

Թե՞ 1995, 1996, 1998, 2003 և այլն` ըստ ցուցակի...

Ամուր տղա ես ու սրան էլ ես հոժար: Դե հիմա հանգիստ թողնենք քաղաքականությունն ու անցնենք անձնական ոլորտ: Գնում ես քեզ համար Ազատ Հայաստանի փողոցներից մեկով ու լուրջ միտք անում, թե ինչպե՞ս օգտագործես գրպանիդ 1000 դրամը` հայկական Ղարսի խորոված «գռացնես», թե ընկերուհուդ սուրճի հրավիրես, ազատ շփման հեռանկարներով... Ու կամքի Ազատության այդ երկունքային պահը կընդհատի դիմացից ընթացող կարմիր ֆերարին, մեջը` լկտի, չաղ, ակնոցավոր, Սինատրան բարձր միացրած, կողքին էլ...

Հետ պտտենք անիվը, քանի ուշ չէ: Որովհետև, եթե անգամ մի կետը ուժիցդ վեր է` ուրեմն դրոշդ, սպիտակ ռոլիկներդ, կարգախոսներդ պահում ես արկղի մեջ, վրան գրում ես` «Բացել 50 տարուց» ու հանձնում Պատմության թանգարան: Կամ էլ այդ մարմնաշարժումներիդ համար այլ` պակաս բարեհունչ ձևակերպումներ ես գտնում:
Իսկ, եթե գիտես այս ամենն ու Ազատությունից չես վախենում` մի պահ դիրքդ լքիր, Եղբա՛յր, գնանք մի-մի թաս խմենք հանուն իմ և քո Ազատության...

Комментариев нет:

Отправить комментарий